Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ֆուտբոլային դիվահարությո՞ւն

Ֆուտբոլային դիվահարությո՞ւն
25.06.2012 | 15:45

Չէ, ինչ էլ ասենք կամ չասենք, մեր «հայրենական արտադրության» ֆուտբոլային հաղորդավարներն անկասելի են, ինչպես Մեսին, անխոցելի, հանց Խավի Ալոնսոն, և գրոհային, ոնց Ռունին։ Ինչո՞ւ։ Շատ պարզ։ Գրոհում են ականջներիս վրա` «մարտեր առանց կանոնների» տարբերակով։ Գրոհում են, և եթե ճիշտ պահին չանջատես ֆուտբոլային ներկայացման տեքստային օպերետը, ապա, վստահ եղիր, կարող ես բարոյագեղագիտական ճողվածք ստանալ։ Ինչո՞ւ։ Որովհետև էկրանից հորդող բառաշփոթը պարզապես կաթվածահար է անում երևակայությունդ, երբեմն էլ ստիպում մոռանալ` որտեղ ես և ինչով ես զբաղված։ Զորօրինակ, երբ ֆուտբոլային մեկնաբանը երկու նախադասության մեջ երեք անգամ դղրդացնում է «երկրպագու», «երկրպագել» բառերը։ Բայց չէ՞ որ մենք կռապաշտներ չենք, չէ՞ որ երկրպագում են կուռքերին։ Եվ, առհասարակ, վաղուց ժամանակն է, որ նրանց բառաշխարհը թարմացվի, նոր գույն ու բույր ստանա։ Թե չէ, ինչի նման է, երբ դարպասապահն իր պարտականությունն է կատարում և գնդակ որսում, հարձակվողը գոլ է խփում և այս ամենը որակվում է «ֆանտաստիկ»։ Իսկ ի՞նչ է նշանակում բերանի ծամոնի պես լմլմացվող հետևյալ հյուսվածքը. «Նա, ի վերջո, հեղինակեց իր գոլը»։ Կամ` մի՞թե հարիր է «հանճարեղ» գերադրական ածականով պճնել ֆուտբոլային, թեկուզև հաջողակ և վարպետ մարզչին, մրցավարին, մարզադաշտը և այլն։ Արգո տիարք հաղորդավար-մեկնաբաններ, մեր մայրենին չափազանց հարուստ է, օգտագործեք այդ հարստությունը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ